38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բարաք Օբաման և Կովկասը

Բարաք Օբաման և Կովկասը
25.11.2008 | 00:00

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐԸ
Սպիտակ տանը նոր տիրոջ հայտնվելու իրենց սպասումներում քաղաքական գործիչներն ու քաղաքագետները կարծես հանգել են մեկ միասնական դիրքորոշման, որ ստեղծված իրավիճակում բարեկիրթ պահվածքի լավագույն ձևը կլինի ձեռնպահ մնալ որևէ սկզբունքային վերլուծությունից ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամայի հնարավոր քաղաքականության վերաբերյալ։ Միաժամանակ Բ. Օբամային ընկալում են իբրև Ջորջ Բուշի հակատիպ։ Այսինքն՝ իբրև լիբերալ, հնարավոր է նույնիսկ ձախ-լիբերալ հայացքների քաղաքական գործիչ, ով աջ և պահպանողական համարում ունեցող Բուշի հակակշիռն է։ Այսինքն, իբր գործող նախագահի կոշտ և կացնային քաղաքականության փոխարեն ասպարեզ է գալիս բարի ու մեղմ նախագահ։
Շատերին աշխարհում դա հուսադրում է։ Օրինակ, Եվրոպան Բ. Օբամայի ընտրությունն ընդունեց ոգևորությամբ ու հիացմունքով, անթաքույց բավարարվածությամբ, ինչը, ավելի շուտ, պայմանավորված էր ոչ թե նոր նախագահի ընտրությամբ, այլ հնի հեռանալով։ Սակայն հիմա գոյություն չունի որևէ «ինքնուրույն ուժային կենտրոն» աշխարհում, որը գոհ չլինի Բ. Օբամայի նախագահ դառնալուց։ Ներառյալ Ռուսաստանը, Չինաստանը, իսլամական աշխարհը, չխոսելով արդեն Լատինական Ամերիկայի մասին։ Տպավորություն է ստեղծվում, որ համաշխարհային քաղաքական էլիտան առաջին անգամ էր հետևում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին և կարծես երբեք հուսախաբ չէր եղել դրանից հետո։ Ընդ որում, այդպես էլ չի բացատրվում, թե ինչու էր Ջ. Բուշը դիտարկվում իբրև կոշտ քաղաքական գործիչ։ Իրաքի հետ կապված պատմությունն այդ կարծիքի հիմնավորում չէ։ Եթե ռազմաքաղաքական օպերացիան Իրաքում ավարտվեր քիչ թե շատ հաջողությամբ, հնարավոր է՝ նավթի գներն այդքան չբարձրանային, և ներկայիս համաշխարհային ճգնաժամն այդքան սպառնալից տեսք չունենար։ Այսպես թե այնպես, ամերիկյան ու եվրոպական փորձագետների ու մեկնաբանների վերլուծական եզրակացություններում նույնիսկ ակնարկ չկա այն մասին, թե ԱՄՆ-ի նոր նախագահը հարկադրված է լինելու լուծել այն նույն խնդիրները, որ կանգնած էին Բուշի առջև ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ, և դա պահանջելու է ժողովրդականություն չվայելող ու բավական կոշտ քայլեր։
Զարմանալի է և այն, որ գործնականում մեկնաբանություններ չկան Բ. Օբամայի արտաքին քաղաքականության ոլորտում արդեն իսկ հռչակված մտադրությունների մասին։ Մասնավորապես, Աֆղանստանի և Պակիստանի հետ կապված, ինչը պակաս բարդ խնդիր չէ, քան Իրաքը։ ԱՄՆ-ի նոր վարչակազմի քաղաքականությունը որքան էլ զուսպ և չափավոր լինի, օրակարգից դուրս չի դնում այն խնդիրները, որոնք առկա են տրանսատլանտյան հարաբերություններում և ընդհանրապես առաջատար եվրոպական երկրների հետ փոխհարաբերությունների տեսանկյունից։ Նմանապես օրակարգում են Լատինական Ամերիկայի և Մերձավոր Արևելքի հետ կապված խնդիրները, որոնք բոլորովին էլ դատապարտված չեն ինքնաբերաբար ու հաջող լուծման։ Առկա են և ավելի հրատապ բնույթ են ստացել պրոբլեմները ամերիկա-չինական հարաբերություններում, Իրանի հետ փոխհարաբերությունների խնդիրն ԱՄՆ-ի համար նույնպես ինքնաբերաբար լուծում չի ստանալու, ոչ մի հիմք չկա ռուս-ամերիկյան հարաբերություններում մեղմացում սպասելու։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հետագայում այլևս չեն կարող կառուցվել փոխհամաձայնեցված զիջումների վրա. զիջելու է մի կողմը կամ, համենայն դեպս, համարժեք ու կոմպրոմիսային զիջումներն այս հարաբերություններում այլևս անհնարին են։ Միացյալ Նահանգների նախորդ վարչակազմերը շատ մեծ ջանքեր են գործադրել և զգալի քաղաքական ու նյութական ռեսուրսներ ծախսել Արևելյան Եվրոպայում իրենց դիրքերն ամրապնդելու համար, և այդ ռազմավարությունը շարունակվելու է հետագայում։ ԱՄՆ-ում այն քաղաքական գործիչները, որոնք կորոշեն կանգնեցնել այդ ռազմավարությունը, անխուսափելիորեն կհայտնվեն սնանկի վիճակում։ Առայժմ չկա ոչ մի նախանշան, թե նոր վարչակազմում լինելու են այնպիսի քաղաքական գործիչներ կամ ֆունկցիոներներ, որոնք պատրաստ են թուլացնելու ճնշումը Եվրասիայի վրա։ Ճիշտ է, չի կարելի պնդել, թե ԱՄՆ-ում առկա է լայն բանավեճ՝ Եվրասիայում ամերիկյան քաղաքականության հետ կապված, սակայն չպետք է մոռանալ, որ նույնիսկ նախագահական ընտրարշավում այդ թեման չշրջանցվեց։ ՈՒստի պետք չէ պատրանքներ փայփայել, թե Հիլարի Քլինթոնը, իբրև պետքարտուղար, իրականացնելու է իր ամուսնու՝ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմի արտաքին քաղաքականությունից տարբեր կուրս։ Նախընտրական ժամանակահատվածում Հ. Քլինթոնի թիկունքում բառացիորեն կանգնած էր Բ. Քլինթոնի «հին գվարդիան», որն այսօր նստած է Բրուկինգսի ինստիտուտում, իսկ այդ կառույցը դեմոկրատական կուսակցության ոչ պաշտոնական, իսկ ավելի շուտ, նույնիսկ պաշտոնական գաղափարաքաղաքական շտաբն է։ Հ. Քլինթոնի նշանակումը ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում լուծում է բազմաթիվ հարցեր և ոչ միայն կադրային համալրման։ Այդ նշանակումն ապահովում է Բ. Օբամայի քաղաքական թիկունքը, ստեղծում փոխըմբռնողության և գործընկերության մթնոլորտ «դեմոկրատական» վերնախավի հետ, ինչը, հավանաբար, շատ կարևոր է Բ. Օբամայի վարչակազմի գործունեության համար և նոր նախագահի խոցելի կողմերից մեկն է։ Բացարձակապես պարզ է, որ նոր նախագահն ունի մեկուսացումը հաղթահարելու և քաղաքական դասակարգի շրջանակներում մարգինալ կարգավիճակից դուրս գալու խնդիր։ Իլինոյսի առաքյալը կարողացավ օգտագործել ամերիկյան հասարակության ներսում կուտակված բողոքական տրամադրություններն ու ներուժը, բնակչության լայն խավերի՝ մինչ այժմ չտեսնված դժգոհությունը, սակայն միաժամանակ շարունակում է օտար մնալ քաղաքական և խոշոր գործարարների շատ շրջանակների համար։ Հանրապետական կուսակցության ուղեղային կենտրոններն արդեն սկսել են «սրել դաշույնները» և պատրաստ են վառելու «պատերազմի ծխամորճը»՝ հանդես գալով Բ. Օբամայի ցանկացած քայլի խիստ քննադատությամբ։ ԱՄՆ-ի վերլուծական հանրությունն այդպես էլ վերջնական եզրակացության չի հանգել արտաքին քաղաքականության մեջ Բ. Օբամայի հռչակված առաջնահերթությունների ու մտադրությունների վերաբերյալ, ուստի շատ զգուշավոր է արտահայտվում նաև նոր նախագահի հնարավոր ներքին քաղաքականության մասին։ Այս իմաստով Բ. Օբամայի դրությունը շատ նման է Ջ. Բուշի դրությանը՝ նրա նախագահության առաջին շրջանում։ Որովհետև երկուսն էլ հանդիսանում էին մարգինալներ ամերիկյան հասարակության բուրգի ուղղահայացում։ Այսինքն՝ մարգինալներ, ընդհանրապես հասարակության վերաբերմունքի առումով, վերնախավի, իրենց կուսակցության հետ ունեցած հարաբերություններում։ Ջ. Բուշը մարգինալ էր նույնիսկ նեոպահպանողականների հայտնի թիմի նեղ շրջանակում։ Այդ պրոբլեմն այդպես էլ մնաց, և միգուցե հենց դա կանխորոշեց նրա նախագահության քաղաքական վերջաբանը։ Սակայն Բուշի դրությունը միաժամանակ համեմատելի չէ Բ. Օբամայի դրության հետ, քանի որ տեխասցին, այնուհանդերձ, թեկուզ և կասկածելի արժանիքներ ունեցող, էլիտան էր ներկայացնում։ Եթե Բ. Օբաման բավարար ջանքեր չներդնի մարգինալ-հեղափոխական գործչի պիտակից ազատվելու համար, նրան սպասում են ավելի մեծ տհաճություններ, քան իր նախորդին։ Դա նոր նախագահին ուղղակի դատապարտում է սերտ դաշինքի դեմոկրատական կուսակցության տարբեր խմբավորումների հետ, թեկուզ և Հ. Քլինթոնի թիմն այնքան էլ հարմար գործընկեր չէ նրա համար։
Այսինքն, եթե փորձենք առայժմ առկա ոչ այնքան առարկայական նախանշաններից ելնելով կանխատեսել, ապա Բ. Օբամայի վարչակազմն անշեղորեն մոտենալու է այն իրավիճակին, երբ պատրաստ է լինելու իրականացնել դեմոկրատական կուսակցության համար ավանդական արտաքին քաղաքականություն։ Իսկ դա ենթադրում է բավական ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն, որն իր մեջ ներառում է ակտիվ դիրքորոշումների դրսևորում Արևելյան Եվրոպայում և, առհասարակ, Եվրասիայում՝ ներառյալ սևծովյան ավազանը, Կովկասն ու Կենտրոնական Ասիան։ Ժամանակին քլինթոնյան թիմը գերհագեցած էր այդ տարածաշրջանների մասնագետներով, լայն համագործակցություն էր իրականացնում հիշյալ տարածաշրջաններով զբաղվող քաղաքական ծրագրավորողների հետ և հիմա, իհարկե, աշխատելու է ապացուցել իր գաղափարաքաղաքական սկզբունքների իրավացիությունը։ Իսկ դա ենթադրում է հարձակում լայն ճակատով և միջամտություն այդ «ճակատի» բոլոր հատվածներում։
Ներկայիս համաշխարհային ճգնաժամը, անկասկած, թուլացնելու է ԱՄՆ-ի շատ մրցակիցների և ամենից առաջ Ռուսաստանին, որը չի կարող հույս ունենալ ԱՄՆ-ի հետ բարենպաստ հարաբերությունների այս իրավիճակում։ Ռուսաստանի հույսերը, թե տեղի կունենա ԱՄՆ-ի էքսպանսիայի թուլացում Սև ծովում, ՈՒկրաինայում և Կովկասում, անհիմն են։ Ավելին, նոր վարչակազմը հնարավոր է ուժեղացնի ազդեցությունը, հատկապես Կենտրոնական Ասիայում, բայց դա, իհարկե, գլխավորը չէ քլինթոնյան քաղաքական ստիլիստիկայում։ Ջ. Բուշը, չնայած իր նկատմամբ այլ պետությունների և տարածաշրջանների գործերին միջամտելու բազմաթիվ մեղադրանքներին, այնուհանդերձ, իրականացնում էր ԱՄՆ-ի հանրապետականների «դասական քաղաքականությունը»։ Այսինքն՝ միջամտություն միայն այն տարածաշրջաններում, որոնք գտնվում էին որոշակի շրջանակների կամ ընկերությունների հետաքրքրությունների դաշտում։ Բուշի վարչակազմը գործնականում հրաժարվեց արտաքին քաղաքականությունը չափազանց գաղափարականացնելուց և տարածաշրջանային հակամարտություններին միջամտելուց` դրանով իսկ հնարավորություն տալով հակամարտությունների կողմերին՝ մշակել սեփական որոշումները կամ էլ ուղղակի չանել դա։ Պարադոքս է, բայց փաստ, որ Բուշի քաղաքականության մասին դատում են՝ ելնելով նրանից, թե որքանով է հաջողվել հասնել դրված նպատակներին, և ոչ մի խոսք չի ասվում այն մասին, թե որքան ազատ էին զգում իրենց տարբեր երկրների կառավարություններն ու քաղաքական գործիչները, քանի որ Վաշինգտոնը որևէ հետաքրքրություն իրենց նկատմամբ չէր ցուցաբերում։ Եվ սա Բուշի քաղաքականության ամենադրական արդյունքներից մեկն է։ Այնպիսի խնդիրներ, ինչպիսիք էին Իրաքին, Իրանին, Չինաստանին զսպելը, տրանսատլանտյան հարաբերությունների կարգավորումը, գուցե չկարողանա լուծել ամերիկյան ոչ մի վարչակազմ։ Կդառնա՞, արդյոք, ԱՄՆ-ի նոր վարչակազմը օբամաքլինթոնական, որքանո՞վ Հ. Քլինթոնին կհաջողվի երկար մնալ պետքարտուղարի պաշտոնում, որքանո՞վ այդ նոր վարչակազմը կլինի կայուն, և կստացվի՞ իրական թիմի ձևավորումը, ինչքա՞ն արագ ու հետևողական կզարգանա ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը. սրանք կարևոր, բայց, այնուհանդերձ, ամենագլխավոր հարցերը չեն, որ առնչվում են ամերիկյան արտաքին քաղաքականությանը։ Կարելի է ենթադրել, որ գլխավոր խնդիրը հետևյալն է, թե որքանով արտաքին քաղաքական և աշխարհատնտեսական մարտահրավերները կներազդեն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա։ Եվ այդ կապակցությամբ կասկած չկա, որ Բ. Օբաման ստիպված է լինելու կայացնել բավական կոշտ որոշումներ։ Օրինակ, ուշադրության է արժանի այն, որ նախագահի աշխատակազմը ղեկավարելու է Բ. Քլինթոնի նախկին խորհրդական Ռամ Էմինուելը, ինչպես նաև մի շարք պաշտոններ կզբաղեցնեն Բ. Քլինթոնի այլ թիմակիցներ։ Ենթադրվում է, որ պաշտպանության նախարարությունը կշարունակի ղեկավարել Ռոբերտ Գեյթսը, որին Բուշը չափազանց ուշացումով նշանակեց այդ պաշտոնում։ Ռոբերտ Գեյթսի նշանակումը, անկասկած, պետք է առանձին դիտարկել Բուշի վարչակազմում եղած այլ նշանակումներից և՛ պրոֆեսիոնալ իմաստով, և՛ իբրև պատասխանատու քաղաքական գործիչ։ Միաժամանակ բացառված չէ, որ նախագահ ընտրվելուց շատ առաջ Բ. Օբաման իր հերթին ունեցել է որոշ պարտավորեցնող շփումներ Պենտագոնում՝ կապված իր արտաքին քաղաքական ընկալումների ու մտադրությունների հետ։ Բ. Օբամային բացարձակապես ձեռնտու չէ հակադրության մեջ մտնել ռազմական վերնախավի հետ և անտեսել Պենտագոնի կարծիքն ու հավակնությունները։ Այսպիսով, կովկասյան պետությունների շահերի տեսանկյունից ԱՄՆ-ի նոր նախագահի մեկնարկային դիրքերը չի կարելի համարել նախնական, և, ընդհանուր առմամբ, դրանք վատ չեն։ Ադրբեջանը չի կարող հատուկ հույսեր ունենալ ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունների դաշտում գտնվելու առումով։ Վրաստանը երկարատև քաղաքական պայքարի սպասումներ չունի ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ՝ իր կորցրած տարածքները վերադարձնելու տեսանկյունից։ Հայաստանն իր հերթին չի կարող հույս դնել, թե ցեղասպանության հարցն առանց պրոբլեմների կարժանանա ճանաչման։ Սակայն բացարձակապես անհիմն են Սև ծովում ու Կովկասում ԱՄՆ-ի ազդեցության թուլացման կամ ներկայության սահմանափակման վերաբերյալ Ռուսաստանի հույսերը։ Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, ԱՄՆ-ը եվրասիական տերություն է դարձել միայն Կովկասում իր ներկայության շնորհիվ։ Սակայն այդ կարգավիճակը երկարատև կտրվածքով ամրապնդել ԱՄՆ-ը կարող է Եվրասիայի ամենամայրցամաքային՝ Սև ծովում հաստատվելով։
ԱՄՆ-ի «սևծովյան նախագիծը» գոյություն չէր ունենա, եթե տարածաշրջանում չմեծանային ամերիկյան ռազմավարական շահերի դեմ ուղղված ուղղակի վտանգները։ Կովկասը, Կասպից և Սև ծովերը Վաշինգտոնի համար միանգամից չդարձան կարևոր աշխարհաքաղաքական մարտադաշտ, երբ «մաքուր աշխարհաքաղաքականությունը» իր նշանակությամբ սկսում է զիջել նավթային շահերին։ Ի դեպ, ԱՄՆ-ի եվրասիական քաղաքականության մեջ ի հայտ են գալիս նոր ռեսուրսներ, ավելի ճշգրիտ՝ ուրանը և այլ հանքահումքային հազվադեպ տարրեր, որոնցով այնքան հարուստ է Կենտրոնական Ասիան։ Այս կապակցությամբ Միացյալ Նահանգների սևծովյան-կովկասյան նախագիծը ձեռք է բերում նոր ուրվագծեր։ Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ այդ նախագծի իրագործման հետ կապված ոչ բարենպաստ պայմանների մասին ենթադրությունները բավարար հիմնավորված չեն։ Որպես գլխավոր ոչ բարենպաստ գործոն այս առումով ավանդաբար նշվում է ԱՄՆ-ի եվրոպական առաջատար գործընկերների շահագրգռության բացակայությունը՝ այս նախագծի հետ կապված։ Դա իսկապես այդպես է, որովհետև ո՛չ Ֆրանսիան, ո՛չ էլ Գերմանիան ոչ միայն շահագրգիռ չեն, այլև բացասական դիրքորոշում ունեն այս նախագծի վերաբերյալ։ Սակայն սևծովյան-կովկասյան նախագիծը ոչ միայն ամերիկյան է, այլ նույնիսկ ավելի շատ բրիտանական, ինչն էլ պայմանավորում է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի սերտ համագործակցությունն այս աշխարհաքաղաքական ուղղությամբ։ Այսպիսով, եթե ամերիկյան վերնախավի որևէ հատվածը կասկածի տակ դնի այս նախագծի նպատակահարմարությունը, ապա բրիտանացիները ոչ միայն կհիշեցնեն այդ մասին, այլև ջանքեր կգործադրեն, որպեսզի նախագիծն իրականացվի փոխգործակցության ձևաչափում և դրա տրամաբանությունից ելնելով։ Հարավային Կովկասի պետությունների տեղական էլիտաների համար հեշտ չի լինելու։ Նրանք շատ ավելի մեծ ճնշման կենթարկվեն, հնարավոր է՝ ասպարեզ գան ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու շատ տհաճ փորձեր։ Սակայն միաժամանակ ակնհայտ է, որ Մոսկվայի անշեղ և միաժամանակ անճոռնի փորձերը՝ լուծել այդ հարցը բացառապես սեփական շահերի համատեքստում, վերջինն են առաջիկա չորս տարիների կտրվածքով։ Ամերիկյան քաղաքականության մեջ դադարի փուլն ավարտված է Հայաստանի համար նվազագույն կորուստներով, որովհետև կարող էր ավելի վատ լինել։ ՈՒժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, տարբեր մեթոդների կիրառմամբ, միևնույն է, պահպանվելու է։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 4101

Մեկնաբանություններ